National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.07.2020
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 34

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը` պատգամավորներն  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ  հարգել են Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների հետեւանքով հայրենիքի պաշտպանության համար  օրերս զոհված չորս հայ զինծառայողների հիշատակը:

Խորհրդարանի որոշմամբ` օրակարգում ընդգրկված օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջին ընթերցմամբ գործընկերների քննարկմանն է ներկայացրել իր, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի եւ Հայկ Գեւորգյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Համահեղինակի տեղեկացմամբ` առաջարկվում է ժամանակավորապես անաշխատունակ պատգամավորներին եւս գրավոր քվեարկելու հնարավորություն տալ, քանի որ  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նման քվեարկության հնարավորություն տրված է միայն Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորներին:

Ըստ հեղինակների` ողջ աշխարհում տարածված ՔՈՎԻԴ-19 համաճարակը խորհրդարանի գործունեության համար նոր մարտահրավերներ է ստեղծել, եւ  կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ  պատգամավորների մի մասը հնարավորություն չունենա ֆիզիկապես մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին, եւ, ըստ այդմ, զրկվել քվեարկելու հնարավորությունից:

Հեղինակներն առաջարկում են  ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն տալ իրենց քվեարկությունն ուղարկել ԱԺ հանձնաժողովների նախագահներին` հանձնաժողովում քննարկվող հարցերի, իսկ ԱԺ նախագահին` Խորհրդի կամ ԱԺ նիստերում իրականացվող քվեարկությունների վերաբերյալ:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն անդրադարձել է միջազգային փորձին, ներկայացրել որոշ առաջարկներ, քանի որ նախագծում առկա ձեւակերպումները կասկածի տակ են դնում դրույթների իրացվելիությունը:

Մտքերի փոխանակության ընթացքում  պատգամավորները հանդես են եկել առաջարկներով եւ դիտողություններով` հեղինակներին   հորդորելով առավել հստակեցնել նախաձեռնությունը, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել ենթաօրենսդրական ակտերում: Պատգամավորներից ոմանք անընդունելի են համարել գրավոր քվեարկության գործելաոճը` հիմնավորելով, որ օրենսդիրը պարտադիր պիտի մասնակցի հարցի քննարկմանը` հստակ դիրքորոշում ունենալու համար:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ նախագիծը չի քննարկվել հանձնաժողովի` երեկ կայացած նիստում, քանի որ հարցը հանձնաժողովում քննարկման ներկայացնելու օրենսդրական ժամկետը դեռեւս չի լրացել: Համահեղինակը նշել է, որ նախագիծը բացառապես վերաբերելու է արտակարգ իրավիճակներին` պայմանավորված արտակարգ դրությամբ: Ըստ նրա` նպատակը խորհրդարանի բնականոն գործունեության ապահովումն է, իսկ նախագիծը վերաբերում է բացառապես մեկուսանալու ցուցում ստացած պատգամավորներին:

ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Կարեն Սիմոնյանը: Նա նախագծի հեղինակներին հորդորել է առավել ընդգրկուն մոտեցում ցուցաբերել հարցին եւ առավել ծավալուն օրինագիծ ներկայացնել, որպեսզի խորհրդարանը կարողանա իր բնականոն աշխատանքն իրականացնել եւ ռազմական դրության, եւ արտակարգ դրության պայմաններում:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հայտնել է Շաքե Իսայանը: Նշելով  մի շարք դիտողություններ`  նա կարծիք է հայտնել, թե նախագիծը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթներին,  ինչպես նաեւ օրինագծից չի երեւում, որ այն իսկապես ուղղված է բացառապես ԿՈՎԻԴ-19 համավարակի ժամանակահատվածին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել   Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով` անհրաժեշտ է ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ, որպեսզի պատգամավորը լիարժեք կարողանա իրականացնել իր պատգամավորական լիազորություններն ու արտահայտել իր քվեն:  Նախագծի համահեղինակը տարակուսանք է հայտնել, որ դեմ արտահայտվող խմբակցությունները  որեւէ առաջարկ չեն ներկայացրել այն դեպքում, երբ նախագիծը գտնվում է գրավոր առաջարկների փուլում:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի կազմավորման կարգին:

Հեղինակը նշել է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի կիրարկման արդյունքում պարզվել է, որ եթե այլ մարմինների պարագայում սահմանված ժամկետում թեկնածու առաջադրելը որեւէ խնդիր չի ստեղծում, ապա Ազգային ժողովի կողմից Խորհրդի անդամի նշանակումը խմբակցությունների համախոհությամբ նախատեսելը չի ապահովում օրենքի դրույթների գործնական կիրառելիությունը, եւ թեկնածուի առաջադրման գործընթացում առաջացնում է խնդիրներ:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե  Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին:

Հեղինակի կարծիքով` առաջարկի ընդունման պարագայում կապահովվի նշված գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը եւ մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նա առաջարկել է կողմ քվեարկել փաթեթին:

Հարակից զեկույցում, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախաձեռնությունը միտված է տեխնիկական խնդրի լուծմանը, որի արդյունքում հնարավոր կլինի օր առաջ ձեւավորել համապատասխան մրցութային խորհուրդ, որն էլ ձեռնամուխ կլինի հանձնաժողովի անդամի ընտրության կազմակերպմանը: Զեկուցողը նշել է, որ Կառավարությունը` որպես ոլորտում քաղաքականություն մշակող կառույց, կարեւորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծումը: Ըստ  փոխնախարարի` նախաձեռնությունն օր առաջ պետք է ընդունել:

Այնուամենայնիվ, Սրբուհի Գալյանը գործադիրի անունից պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում քննարկելու եւ ընտրելու բոլորի համար ընդունելի տարբերակ:

Հարցի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկել է փոփոխություն կատարել օրենքում եւ վերացնել մրցութային հանձնաժողովը, սահմանել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի (խմբակցության) կողմից ներկայացված թեկնածուի թափուր տեղի առաջացման դեպքում նոր թեկնածուի առաջադրման իրավունք վերապահվի նորից այդ քաղաքական ուժին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա` հաշվի առնելով հարցի հրատապությունը` խմբակցությունն առաջարկում է, որ այն դեպքում, երբ ժամկետ է սահմանվում եւ հնարավոր չի լինում ներկայացնել կոնսենսուսային թեկնածու, ապա թեկնածու ներկայացնելու իրավունքը վերապահվի Ազգային ժողովի նախագահին: Լիլիթ Մակունցի խոսքով` Էդմոն Մարուքյանի առաջարկը եւս կքննարկվի:

Արտահերթ ելույթ է ունեցել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Ներկայացնելով նախաձեռնությամբ ԱԺ նախագահին վերապահվող գործառույթի վերաբերյալ իր դիրքորոշումը` նա նշել է, որ իր վերաբերմունքը բացասական է, եւ ինքն այն չի համարում լավ լուծում: «Այդուհանդերձ, ես դա համարում եմ լուծում, քանի որ մենք մինչ այդ չենք ունեցել լուծում:»,-նշել է Արարատ Միրզոյանը: Նա ընդհանրապես դեմ է արտահայտվել մրցութային հանձնաժողով ունենալու գաղափարին: ԱԺ նախագահը հիշեցրել է, որ անձամբ է հեղինակել օրենսդրական փաթեթ, որով վերացվել է մրցութային հանձնաժողովը: Արարատ Միրզոյանը նշել է, որ միայն կողմ կլինի հարցի վեաբերյալ առաջարկվող լավագույն լուծմանը:

Եզրափակիչ ելույթում Սրբուհի Գալյանը Էդմոն Մարուքյանի առաջարկը խնդրի լուծման տարբերակ չի համարել, քանի որ, ըստ փոխնախարարի, մեր երկիրը քաղաքականացված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարիք չունի: Սրբուհի Գալյանը լիովին ընդունելի է համարել նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները եւ կոչ արել կողմ քվեարկել:

 Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի եւ Կարեն Սարուխանյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանավորման միասնական եւ արդյունավետ համակարգ, որն էապես կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացող առողջապահական ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը:

Ըստ հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի` նախատեսվում է, որ առողջապահության բնագավառի գործունեության ծրագրերից բխող համապատասխան արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը կհաստատի Կառավարությունը` արտակարգ իրավիճակ հայտարարելուց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում:

Գլխադասային` ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Հարակից զեկույցում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ գործադիրը ներկայացրել է բովանդակային առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում:

 «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նշվել է, որ նախաձեռնության նպատակը հանրության մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի կարգավորումն է: Փոխնախարարն ընդգծել է, որ 2017 թ. հունվարի մեկից գործատուն այլեւս պարտավոր չէ օրենսդրությամբ սահմանված կարգով վարելու աշխատանքային գրքույկներ: Կառավարությունն առաջարկում է երկարացնել գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը մինչեւ 2022 թ. հունվարի մեկը: Սահմանվում են հստակ ժամկետներ, թե գործատուն ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում իրավասու մարմնին պետք է ներկայացնի աշխատանքային գրքույկները: Նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:  Նախարարի տեղակալը նշել է, որ կմշակվեն համապատասխան մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան չաշխատող քաղաքացիներին եւս իրենց մոտ գտնվող աշխատանքային գրքույկները ներկայացնելու պետական մարմնին:
Սմբատ Սաիյանը պատասխանել է նաեւ պատգամավորների` գործընթացի կազմակերպման խոչընդոտներին առնչվող հարցադրումներին:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունման նպատակն է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված միասնական մոտեցմամբ` թափանցիկ ու հրապարակային իրականացում, պետության կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետության բարձրացման նպատակով վարձակալության տրամադրման գործընթացում հստակ չափանիշների, միատեսակ պայմանների եւ ժամկետների սահմանում:

ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում անդրադարձել են հատկապես ուսումնական հաստատությունների վարձակալությանը, փոփոխությունների արդյունքում ներդրումների աճի հնարավորությանը, խոսել վարձակալական վճարներից սնվող կազմակերպությունների խնդրի մասին:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ եւ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածների համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար խորհրդարանին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ հարցը քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը, որից հետո ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Հովհաննես Խաչատրյանն իր տեսլականն է ներկայացրել դրամավարկային քաղաքականության իրականացման, մակրոտնտեսական կայունության, ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության, բանկային համակարգի մրցունակության, վարկավորման գործընթացի կազմակերպման, ֆինանսական ընկերությունների տեխնիկական վերազինման, առկա ռիսկերի կառավարման եւ ոլորտի մի շարք այլ հարցերի առնչությամբ: Թեկնածուն համոզմունք է հայտնել, որ Հայաստանի տնտեսությունն այս ճգնաժամից դուրս է գալու նոր ազդակներով եւ գաղափարներով, իսկ ֆինանսական համակարգն իր կառուցողական դերն է ունենալու այդ գործում:

Պատգամավորներն իրենց ելույթներում ու հարցադրումներում բարձրաձայնել են բանկային համակարգի նորմատիվների սահմանմանը, անկանխիկ գործարքների մեծացման հնարավորություններին, սակագների կարգավորմանը, միջազգային վարկային ծրագրերին, բանկային ծառայությունների ձեւավորման, վարկային ու ներդրումային քաղաքականության իրականացման ոլորտներում առկա խնդիրները եւ այլն: Վերոնշյալ հարցերի առնչությամբ թեկնածուն պարզաբանումներ է ներկայացրել, արտահայտել իր դիրքորոշումը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ԿԲ խորհրդի անդամի ընտրության քվեարկությունն անցկացվելու է հուլիսի 16-ին` ժամը 12:00-13:00-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը` նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով: Նա հիշեցրել է, որ ՀՀ-ում ժամը 06:00-ից  մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը էլեկտրոնային եւ զանգվածային կապի միջոցներով բացառվում է` բացառությամբ տեղական արտադրության կոնյակի: Օրինագծով այդ բացառությունը վերացվում է: Փոխնախարարի համոզմամբ` այդ փոփոխությունը չկատարելը գործընկեր երկրներին որոշակի իրավունքներ է տալիս մեր նկատմամբ քայլեր իրականացնելու հենց այս ապրանքային խմբի մասով:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը գործընկերներին տեղեկացրել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրվա ընթացքում քննարկված բոլոր օրինագծերն ու օրենսդրական փաթեթները:

Այնուհետեւ օրվա ավարտին երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը:

Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am